Նարեկ Կիրակոսյան - Ծննդյան գիշեր Կարդում է Նարեկ Մարգարյանը
Автор: Narek Margaryan
Загружено: 2025-12-22
Просмотров: 111
ԾՆՆԴՅԱՆ ԳԻՇԵՐ
Մահվան ու ինքնասպանության միջև գոյություն ունի անհասանելի տարածություն, որտեղ տագնապի մետամորֆոզն է։ Ենթագիտակցորեն պատկերացնում ես թաղմանդ ծեսը, սգո սարսափելի ճիչը։ Դագաղդ, սեղանը ու մարդիկ, որոնց հարցական հայացքներում դրոշմված է քեզ վերագրվող խենթությունը։ Ինքնասպանության մեջ արյունով գրված պոետիկ ռոմանտիզմ կա։
Դու դառնում ես մթում երկխոսող հիշողություն․․․
Հեռացումդ քեզ մոտենալու փորձ է, հիշեցման ցանկություն, վերջին գոռոց։
Նրանք քեզ կգտնեն բազալտե ժայռաբեկորների վրա՝ փտած, կոկորդում զգալով կորուստի ցավը, գահավիժող ցավդ եբեք չլսելով։ Կհայտնաբերվես երկու օր հետո, երբ որթնոտած մարմինդ մելանե շաղախ կհիշեցնի։
Իսկ դու, ենթագիտակցորենվերջին բողոքդ ուրիշ կերպ էիր տեսնում՝ ավելի հեքիաթային, թախծոտ, մամռոտ աստիճաններին պառկած, ձեռքերդ քնելու սովոր թեթևությամբ, դեմքդ թեքած ու նեղացկոտ։
Քեզ փակ դագաղով տարան, ոչ ոք չտեսավ լուսաթաթախ աչքերդ, չշոշոափեց երկար ու նորբ մատներդ։
Արյուն, մահ, արյուն, արտասուքներից ցամաքած դեմքեր ու լռությանը սերտաճած անաճյուն հոգեհանգիստ։
Ամենազարհուրելին՝ Կարոտի Հրեշն է, քեզ անվերջ որոնելու ջերմախտը։
Ծանր է գրել, թանաքով պեղել՝ զսպելով արցունքերս, պատմել մահվան մասին, որ ստվերի պես շղթայել ու մթագնել է։
Առաջին հանդիպումս նրա հետ՝ անփորձ, վշտասարսուռ, մոր աչքերից թափվող ցողաթաթախ մահվան հետ, որ անուն ուներ։
Կարեն, ձեռքերս չէին հասնում, որ ես էլ հպվեի քո փայտե ուրվականին։ Այդ ժամանակ դու այնքան բարձր էիր։
Քեզ օդում սահելով տարան, ու խեղդող շոգը քո փայտե հեռացմամբ ամփոփեց մեր մանկությունը։
Հետո՝ հողը ամուր ծածկեց նյարդային ծիծաղդ։
Մնացածը չեմ հիշում։
Գիշերվա ժամը չորսն է։
Դու ինձ հետ ես։ Զգում եմ ներկայությունդ, շնչառությունդ, իրականության խաբկանքը։ Ուզում եմ սեղմել ձեռքդ, խոսել հետդ։
Երբ ձեր տուն եմ գալիս, թվում է՝ եթե լարեմ լսողությունս , կընկալեմ ձայնդ։
Սենյակդ դասավորված է այնպես, ինչպես դու ես թողել քո գնալուց առաջ։ Միայն պատից կախված կտավը չկա․․․ այն ծովի, որրտեղ փափագում էիր լինել։
Դու այդպես էլ չտեսար թաց, փոթորկվող անվերջությունը։ Հիմա երազնաքդ շրջանակոի մեջ չէ ու կախված չէ պատից։
Խոստանում եմ՝ հասնել ծովեզերքին, լուսանկարդ դնել ալիքների վրա, որ քեզնից մի մասնիկ խառնվի հալվող թափանցիկ անհայտությանը։ Կկանգնեմ երկար, կփակեմ աչքերս՝ կոպերիս տակ սեղմելով քո կապույտ տեսիլքը, ու այդ պահին կլինեմ քեզ այնքան մոտ, այնքան իրական։
Ծնունդդ շնորհավոր, ախպերս։
Անցել է մեկ տարի, ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել, բացի մի բանից՝ ես քեզնից մեկ տարով մեծ եմ։ Դու հավերժ կմնաս քսանհինգամյա ժպտերես ու խելառ պատանին։
Խմում եմ քո ձևով, Կար, հիշու՞մ ես։
․․․Գնաց․․․
Դու ճիշտ էիր՝ մարդկանց վստահել պետք չէ, իսկ ես վիճում էի։
Շրջապատն այնքան հարթված է, այնքան անկյանք է, որ ստիպված ես համարեցնել բառերդ, որպեսզի նրանք չկորչեն։
Անզորությունը հոսում է թղթերի վրա։ Աչքերիս սերտաճող դատարկությունից մարմինս թմրում է, ճգնում եմ վերհիշել, որովհետև վաղուց քեզ չեմ տեսել, չես հայտնվել անգամ երազիս մեջ։
Կարեն, հարազատս, կյանքի թվերը մեծացնում են մեզ՝ ներկայի ծանրության տակ մնացածներիս, և անջատվող տարածությունն ավելի է մոտեցնում ապագայի մեր հանդիպումը։
Հարկավոր է ներսում կրել ժամանակի հոսքի մեջ գոյություն ունեցող ջրի կաթիլների երաժտությունը, մինչև ներկայությունդ անհետանա, աղմուկը խլացնի հիշողությունը, ու հանդարտ իջնող ձյան փաթիլները փշրվեն ոտնահետքերի ծանրությունից։
Չենք տխրում։
Խմում ենք, ինչպես առաջ։
Անձայն։
Հավատա՝ չեմ մեղադրում, դա քո ամենաբարձր թռիչքն էր, ամենաերկար ճախրանք։
Ծնունդդ շնորհավոր։
Խմեցինք։
Լուսանում է։
Ինչ-որ թույլ սառնություն է հոսում պատուհանից, որ գալիս ու թեթև լիզում է ճակատս։
Ցտեսություն, եղբայրս, ցտեսություն իմ Հեռացող Տխրություն․․․
Չմոռանաս մեզ․․․
Քիչ ծխի․․․
16 հունիս, 2012 թ․
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: